Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված նիստը: Նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և անդրադարձել ԱՊՀ երկրների փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական կապերի խորացմանը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ տարածքում գործում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարևոր քայլեր են իրականացվում էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ տարածքի էներգետիկ անվտանգությունը:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը համագործակցության համար լավ հարթակ է համարել, որը նոր թափ է հաղորդում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող երկու տասնյակ հարցեր: Քննարկվել են 2011-ի հոկտեմբերի 18-ի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրականացման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցակարգին, նավթի և նավթամթերքների շուկաներում գնագոյացմանը և մրցակցությանն առնչվող հարցեր:
Հավանության են արժանացել ԱՊՀ անդամ պետությունների 2015-2016 թթ. հումանիտար համագործակցության բնագավառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թթ. միջոցառումների պլանը, որի իրականացման արդյունքում նոր մակարդակի կբարձրանա բազմակողմ համագործակցությունը` նպաստելով փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, միասնական ԱՊՀ զբոսաշրջային տարածաշրջանի ձևավորմանը:
Մշակույթի և արվեստի (գրավոր ժառանգության պահպանում և վերականգնում, թանգարանային գործ, մշակութային ժառանգություն, կինո, թատրոն) ոլորտներում գործող ԱՊՀ պետությունների մի շարք կազմակերպություններին, այդ թվում` Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին, շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ: Ակնկալվում է, որ կարգավիճակը հնարավորություն կընձեռի ընդլայնել և ամրապնդել ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցությունը և իրականացնել բարձր որակավորում ունեցող մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում:
Ստորագրվել է «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է ԱՊՀ-ում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը:
Նիստում անդրադարձ է եղել մինչև 2015-ը ԱՊՀ-ում պատերազմների վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների բժշկասոցիալական աջակցության հետագա զարգացման և կյանքի որակի բարելավման հիմնական ուղղությունների կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի իրականացմանը, ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար 2015 թվականի հատկացումներին և այլ հարցերի:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2015-ի մայիսի 29-ին, Աստանայում: